Միասին կարող ենք
կարևոր
1030 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-20 18:11
Հասարակություն

Մենք մարդիկ ենք, որոնք իրենց ազատ խոսքն են իրացրել․ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի գործով հետազոտվում են ապացույցները

Մենք մարդիկ ենք, որոնք իրենց ազատ խոսքն են իրացրել․ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի գործով հետազոտվում են ապացույցները

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, ընթանում է «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի գործով հիմնական դատալսումները։ 

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատարանում հետազոտվել է փոդքաստի թողարկումներից մեկի տեսագրությունը՝ որպես ապացույց։

Նարեկ Սամսոնյանը հայտարարել է, որ եթե գնան այն ճանապարհով, որ միայն հայհոյելը խուլիգանություն է, ապա ցանկացած հանցագործության կարող են «կպցնել» նաև խուլիգանություն։

«Խուլիգանությունը կդառնա ցանկացած հանցանքին ուղեկցող»,- ասել է Սամսոնյանը։

«Հաղորդման ընթացքում չի եղել որևէ բան, որին կարելի էր այդկերպ արձագանքել։ 

Մեր գործունեությունը խուլիգանական դրդում չէր ենթադրում»,- նշել է Սամսոնյանը։

Նրա խոսքով՝ այո, անպարկեշտ բառապաշար, հայհոյանք եղել է, բայց ոչ թե խուլիգանություն են արել, այլ՝ մարդիկ են, որոնք իրենց ազատ խոսքն են իրացրել։  

Վազգեն Սաղաթելյանն էլ նկատել է, որ հաղորդաշարի այդ հատվածում իրենք արձագանքել են Ալեն Սիմոնյանին, ինքնանպատակ չէ ոչ նորմատիվ լեքսիկան, ոչ էլ՝ միտում։ 

Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են նոյեմբերի 13-ին՝ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Ընդ որում, ձերբակալությունն իրականացվել  է վաղ առավոտյան՝ ԱԱԾ դիմակավորված ծառայողների կողմից։ Սաղաթելյանն ու Սամսոնյանը մեղադրվում են հրապարակային խոսքի համար՝  ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասով՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներ օգտագործելով խուլիգանություն կատարելու հատկանիշներով։ Ի դեպ, փոդքաստի հեղինակների այս հայտարարությունն արվել է Ալեն Սիմոնյանի՝

 «Շան լակոտներ» արտահայտությանն ի պատասխան։ Սիմոնյանի կողմից վիրավորական արտահայտությունների համար, սակայն, քրեական վարույթ չի նախաձեռնվել։