|
Փոխարժեքներ
19 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Պատմաբան, ԵՊՀ դոցենտ Միքայել Մալխասյանը գրել է.
«ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Հայտնի փաստ է, որ «Նեմեսիս» գործողությունների ծրագիրն իրականացնելու որոշումը կայացվել է 1919 թ. սեպտեմբեր-նոյեմբերին գումարված ՀՅԴ IX ընդհանուր ժողովում (համագումարում), որի փաստաթղթերի փաթեթը մինչ օրս չի գաղտնազերծվել, իսկ պատմաբանների ունեցած տեղեկությունները հիմնված են մասնակից որոշ անձանց (Շահան Նաթալիի, Սիմոն Վրացյանի, Գրիգոր Մերջանովի և ուրիշների) հուշագրությունների վրա։ Այստեղ հարկ է ուշադրություն դարձնել մի քանի կարևոր դրույթների.
1. Երիտթուրք պարագլուխներին և հայ դավաճաններին պատասխանատվության ենթարկելու հարցը օրակարգ է բերվել 1919 թ. փետրվարի 6-13-ը Երևանում տեղի ունեցած ցեղասպանությունը վերապրածների Արևմտահայերի II համագումարում։ Դրան նախորդել էր 1919 թ. հունվարին Կոստանդնուպոլսում թուրքական ռազմական ատյանների ստեղծումը, որով քննվում էր երիտթուրքական կուսակցության կողմից Օսմանյան կայսրությանը պատերազմի մեջ ներքաշելու և պարտության հասցնելու հարցը։
2. 1919 թ. ապրիլ-հունիսին օսմանյան ռազմական ատյանները քննում են երիտթուրքերի գործերը և հուլիսի 5-ին մեղավոր ճանաչում նրանց Օսմանյան կայսրությանը պարտության ելքով պատերազմում բախտախնդրորեն ներքաշելու մեջ։ Ի թիվս այլ հանցանքների նշվում էր, որ նրանք ծրագրված ոչնչացրել են կայսրության հայ քաղաքացիներին։ Երիտթուրք պարագլուխների համար հեռակա կարգով սահմանվել է մահապատիժ, ինչը հետագայում լեգիտիմ հիմք է դառնալու հայ վրիժառուների գործողությունների համար։
3. 1919 թ. հունիսի 21-23-ը կայացել են ՀՀ խորհրդարանական ընտրությունները, որտեղ ձայների 89%-ով իշխող ուժի բացարձակ դիրքերն ապահովել է ՀՅԴ-ն։ Արդեն օսմանյան դատարանի վճռից հետո օգոստոսի 1-ին, աշխատանքներն սկսում է նորընտիր խորհրդարանը, որտեղ 80 տեղից 72-ն իշխող ուժինն էր։ Վստահության նման քվեն քաղաքական կամքի դեպքում կարող էր լեգիտիմ հիմք համարվել Արևմտահայերի համագումարի բարձրացրած խնդիրները, այդ թվում պատասխանատվության ենթարկման հարցը դիտարկելու համար։ Հենց նման պայմաններում է 1919 թ. սեպտեմբեր-նոյեմբերին գումարվել ՀՅԴ IX ընդհանուր ժողովը, որտեղ կայացվել է երիտթուրք պարագլուխներին և նրանց համար աշխատած հայ դավաճաններին ոչնչացնելու որոշումը։
Հ. Գ. Հիմնվելով վերը նշված իրողությունների վրա պետք է փաստել, որ «Նեմեսիս» գործողությունների ծրագրի իրականացման մասին որոշումը կայացվել է ՀՀ իշխող ուժի կողմից ընդառաջ գնալով ցեղասպանությունը վերապրած սեգմենտի արևմտահայության էլիտայի ձևավորած օրակարգ-պահանջին։ Որոշման գործադրումը շարունակվել է նույնիսկ ՀՀ խորհրդայնացումից հետո. չէ՞ որ Թալեաթ փաշայի ահաբեկման ժամանակ ՀՀ-ն այլևս գոյություն չուներ։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները Թալեաթից ու նրա ընկերներից զոհի կերպար են ձևավորում նշելով, թե դրանք սպանվել են հայ «ահաբեկիչների» կողմից։ Նույնիսկ թուրք և ադրբեջանցի ուլտրաազգայնական բլոգերների մոտ հաճախ օբյեկտիվ հարց է առաջանում` իսկ ինչո՞ւ էին այդ «ահաբեկիչները» գնում նման քայլի... Պատասխանը նրանց ղեկավարները շատ լավ գիտեն»։