Միասին կարող ենք
կարևոր
1288 դիտում, 3 ժամ առաջ - 2026-04-19 11:09
Հասարակություն

Պատրաստ եմ զինված ուժերին վերաբերելի մասով ներկայացնել մանրամասն և բազմակողմանի փաստարկված վերլուծություն. Օնիկ Գասպարյան

Պատրաստ եմ զինված ուժերին վերաբերելի մասով ներկայացնել մանրամասն և բազմակողմանի փաստարկված վերլուծություն. Օնիկ Գասպարյան

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

«Վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ անձը։

Իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածող անձինք օգտագործում են այն հանգամանքը, որ ես, գերադասելով ազգային եւ պետական շահը, զերծ եմ մնում պատերազմին վերաբերող հարցերին հրապարակային պարզաբանումներ տալուց։

Առաջարկում եմ ԱԺ-ում կազմակերպել փակ ձևաչափով քննարկում 2020 թ. պատերազմի և հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ քննարկմանը ներգրավելով այդ ժամանակ պաշտոնավարած քաղաքական և ռազմական առանցքային պաշտոններ զբաղեցրած անձանց, ինչպես նաև պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալներին առնչվելու համապատասխան թույլտվություն ունեցող քաղաքական և հասարակական գործիչներին եւ զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատներին։

Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները։

Պատրաստ եմ զինված ուժերին վերաբերելի մասով ներկայացնել մանրամասն եւ բազմակողմանի փաստարկված վերլուծություն»։

Հիշեցնենք, որ ռուսաստանաբնակ հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը գրել է. 

«Ես ձեզ պատմում եմ այն, ինչ տեսել եմ իմ աչքերով և լսել եմ իմ ականջներով։ 44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և կիզակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Арарат Хайят» հյուրանոցում։

Ես նրա հետ հանդիպել եմ դեմ առ դեմ նրա հյուրանոցային համարում։ Նրա օգնականներն ու անվտանգության աշխատակիցները վկաներ էին։ Յուրաքանչյուր հանդիպում տևել է մոտ մեկ ժամ։ Ինչ տեսել և լսել եմ։ Իմ առջև նստած էր լիովին ջախջախված և վախկոտ մարդ։ Ամենասարսափելին այն էր, որ նա վախենում էր ոչ թե իր թշնամիներից, այլ Փաշինյանից։ Իմ զրույցների ամբողջ միտքն այն էր, թե ինչու՞ հայկական բանակը չի մասնակցում, որտե՞ղ են «Իսկանդերները» և որտե՞ղ է գեներալ Գրիգորի Խաչատուրովը։ Պատասխանը միշտ նույնն էր. Փաշինյանը դա թույլ չի տա՝ հրաժարականի և ձերբակալության սպառնալիքի տակ։ Երբ ես խստորեն պահանջեցի, որ Օնիկը հրապարակավ դիմի գեներալ Գերասիմովին և անձամբ Պուտինին։

Գասպարյանը կտրուկ բացականչեց. Փաշինյանն արգելել է ռուսների հետ շփումը և անձամբ բանակցում է Ալիևի հետ։ Երբ ես նրան ասացի, որ մեր լրագրող Սեմյոն Պեգովը, որը ներգրավված էր իրադարձությունների կիզակետում, ինձ ասել է, որ դուք հրամայել եք զորքերը դուրս բերել Քարինտակից, Օնիկը մրմնջաց.

«Ես չէի, այլ Փաշինյանը. նա հրամայեց Շուշին տալ ադրբեջանցիներին՝ այն պատրվակով, որ զորքերը փախել են»։
Ամեն ինչ հենց այսպես է եղել։ Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ»։