Միասին կարող ենք
կարևոր
1231 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-20 15:33
Հասարակություն

Ապագա չունի այն ժողովուրդը, որը չի գիտակցում իր պատասխանատվությունն ապագայի հանդեպ․ ես մասնակցելու եմ Ջահերով երթին․ Ռուբինա Պետրոսյան

Ապագա չունի այն ժողովուրդը, որը չի գիտակցում իր պատասխանատվությունն ապագայի հանդեպ․ ես մասնակցելու եմ Ջահերով երթին․ Ռուբինա Պետրոսյան

«Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Ռուբինա Պետրոսյանը գրում է․ «Արդեն քսանյոթերորդ տարին է՝ 1999 թվականից, որ Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման օրվա միջոցառումների ցանկը համալրվել է նոր նախաձեռնությամբ. յուրաքանչյուր ապրիլի 23-ի երեկոյան Երևանում մարդկանց բազմահազարանոց շարքերը Ազատության կամ Հանրապետության հրապարակից ջահերով և ցեղասպանությունը դատապարտող պաստառներով ուղղվում են դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք՝ Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր՝ հարգելու հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Այդ նախաձեռնությունը, որ ստացել է Ջահերով երթ անվանումը, լինելով ՀՅԴ Երիտասարդական կազմակերպության և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնությունը, վաղուց դադարել է պարզապես կուսակցական միջոցառում լինելուց և ստացել է համաժողովրդական բնույթ:

Ոչ պատահականորեն Ջահերով երթի մասնակիցների գերակշիռ մասը երիտասարդներն են. այս Երթը Հայոց ցեղասպանությունը դատապարտելուց և նրա մասին հերթական անգամ աշխարհին իր համամարդկային և բարոյական պարտքի մասին հիշեցնելուց բացի, հետապնդում է ոչ պակաս կարևոր այլ նպատակներ ևս, այն է՝ 1) հատկապես երիտասարդության շրջանում վառ պահել պատմական հիշողությունը, 2) երիտասարդության հայացքն ուղղել դեպի ազգային արմատները, այս հարափոփոխ աշխարհում նրան տոգորել ազգային ոգով և համախմբել ճշմարիտ արժեքների շուրջ:

Ապագա չունի այն ժողովուրդը, որի երիտասարդությունը չի գիտակցում իր առաքելությունն ազգային կյանքում և պատասխանատվությունն ապագայի հանդեպ, որը տարված է իբրև թե համամարդկային, իսկ իրականում՝ աշխարհաքաղաքացիական կեղծ գաղափարներով ու արժեքներով:

Դա հենց այն է, ինչը ցանկանում են մեր հին ու նոր թշնամիները. այդ դեպքում մենք ինքներս ենք նպաստում մեզ՝ որպես ազգային հավաքականություն, պատմության թատերաբեմից դուրս մղելու և ոչնչացնելու՝ մեր թշնամիների ծրագրերին:

Վաղուց յուրաքանչյուր ապրիլի 23-ի երեկոյան նմանատիպ կարգախոսներով ու պահանջներով Ջահերով երթեր են տեղի ունենում նաև ՀՀ մարզային կենտրոններում և Սփյուռքի հայկական գաղթօջախներում:

Ես մասնակցելու եմ, իսկ դո՞ւ...»։