Միասին կարող ենք
կարևոր
1732 դիտում, 3 ժամ առաջ - 2026-04-21 16:52
Քաղաքական

Այսօր Վարդենիսի կառավարիչներով հպարտանալու առիթ ունեն միայն Թալեաթը, Էրդողանը, Ալիևը, մեկ էլ Նիկոլ Փաշինյանը․ Հոխիկյան

Այսօր Վարդենիսի կառավարիչներով հպարտանալու առիթ ունեն միայն Թալեաթը, Էրդողանը, Ալիևը, մեկ էլ Նիկոլ Փաշինյանը․ Հոխիկյան

Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրի Հոխիկյանը գրում է.

«Ես չեմ նեղսրտում, որ Վարդենիսի համայնքապետն ընտրվել է ընդդիմադիր կեցվածքով, բայց սահուն դարձել է իշխանության կամակատար։ Այդպես երբեմն լինում է, երբ մարդիկ չունեն գաղափար ու հայրենիքի գիտակցում, և փողն է միակ արժեքը։ Ես հասկանում եմ, որ նրա ենթակայության տակ կարող են լինել նաև աշխատանքի համար ամեն ինչ ուրացող մի քանի մարդիկ, բայց որ հենց Վարդենիսում առաջին անգամ կդրվի Հայոց ցեղասպանությունն ուրանալու հիմքը, ինձ համար տխուր անակնկալ էր։

Ներքևի նկարում պատկերված հայտարարության մեջ Վարդենիսի համայնքապետարանը նախ 10։58-ին գրել է, թե ապրիլի 24-ին իրենք հարգանքի տուրք են մատուցելու «ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակի առջև»։ Երբ ինձ ուղարկեցին այս հայտարարությունը, ես կարծեցի, թե տեքստի հեղինակն ուղղակի միամիտ սխալ է թույլ տվել։ Մարդ է, պատահում է։ Չեմ մեղադրում տեխնիկական աշխատողին։ Մարդը գիշերը գուցե լավ չի քնել կամ գուցե ամուսնու հետ վիճել է, տրամադրությունը տեղը չի, մտքերով ուրիշ տեղում է։

Բայց երբ մոտ 1 ժամ անց, հավանաբար ինչ-որ մեկի հուշումից հետո, համայնքապետարանը փոփոխություն արեց տեքստում և հանեց «ավերիչ երկրաշարժ»-ը՝ թողնելով լոկ «անմեղ զոհեր» ոչինչ չասող ձևակերպումը, համոզվեցի, որ այդ մարդիկ ուղղակի խուսափում են «Հայոց ցեղասպանություն» եզրույթից։

Ասենք, ինչի՞ հետևանքով են եղել անմեղ զոհերը։ Ոչ մի խոսք Թուրքիայի կողմից 1515-21 թթ․ իրականացված Հայոց ցեղասպանության մասին, որի հետևանքով մահացել են նաև բազմաթիվ վարդենիսցիների նախնիներ։

Վարդենիսը հերոսական պատմություն ունի։ 1901 թվականին այնտեղ կառուցված եկեղեցին ոչ միայն հոգևոր մեծ արժեք ունի, այլև թուրք-թաթարական հարձակումների ժամանակ ծառայել է որպես հայերի ապաստարան և ուժեղ կրակակետ։ Տաղլարի Աղաբեկ հերոսը հիանում էր Վարդենիսցիների ազգային նկարագրով 20-րդ դարասկզբին։

Վարդենիսի ինքնապաշտպանական մարտերի շնորհիվ 1990-ականներին ադրբեջանցիները չկարողացան գրավել Հայաստանի արևելյան այդ շրջանը և հասնել Մարտունի ու Գավառ, այլապես տեղի կունենար ևս մեկ ցեղասպանություն։

Ու հիմա, երբ Վարդենիսում ապրող մարդը ուրանում է Հայոց ցեղասպանությունը, ուրանում է իր արմատները, ուրանում է հայրենիքը հանուն մի չնչին պաշտոնի, հանուն մի քանի գրոշի, հանուն չինովնիկի զզվելի աթոռի, մարդկայնորեն մեծ ցավ եմ ապրում։

Վարդենիսում ապրող մարդկանց մեծագույն մասի, հավանաբար հենց համայնքապետի ու նրա տեղակալների նախնիները Արևմտյան Հայաստանից են գաղթել ու հաստատվել Վարդենիսում։

1918-ին Զորավար Անդրանիկն ու Տաղլարի Աղաբեկը հպարտանում էին Վարդենիսի կառավարիչների ազգային դիմագծով։ Այսօր Վարդենիսի կառավարիչներով հպարտանալու առիթ ունեն միայն Թալեաթը, Էրդողանը, Ալիևը, մեկ էլ Նիկոլ Փաշինյանը։

Ցավում եմ»։