Միասին կարող ենք
կարևոր
826 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-21 12:57
Հասարակություն

Լավ լուր ագրարային համալսարանի ուսանողների համար․ Հայկ Ղազարյան

Լավ լուր ագրարային համալսարանի ուսանողների համար․ Հայկ Ղազարյան

Տեխնիկական գիտությունների թեկնածու, փաստաբան Հայկ Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Լավ լուր ագրարային համալսարանի այն ուսանողների համար, ովքեր 2025 թվականի հունիսի 21-ից հետո կատարել են ուսման վարձի վճարում։

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին 2021 թվականի հունիսի 22-ին տրամադրված պետական հավատարմագրման թիվ 38 վկայականը վավեր է եղել մինչև 2025 թվականի հունիսի 21-ը: Այսինքն փաստում ենք, որ 2025 թվականի հունիսի 21-ից առ այսօր Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հավատարմագրված բուհ չէ։ Համաձայն ՀՀ կառավարության 30.06.2011թ. թիվ 978-Ն որոշման 57-րդ կետի՝ պետական հավատարմագրումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե հավատարմագրի վավերականության ժամկետը լրացել է:

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն պարոն Ռ. Թոփչյանի կողմից հաստատվել է, որ ագրարային համալսարանը հավատարմագրում չի անցել, դա նաև հանրահայտ փաստ է, քանի որ 2021թ. հունիսի 22-ին տրամադրված պետական հավատարմագրման թիվ 38 վկայականը վավեր է եղել մինչև 2025թ. հունիսի 21-ը, որից հետո նոր վկայական համալսարանին չի տրվել։ Փաստացի 2025 թվականի հունիսի 21-ից առ այսօր ագրարային համալսարանը հավատարմագրված բուհ չէ, սակայն շարունակում է ուսանողների վարձավճարների գանձումը իրականացնել որպես հավատարմագրված բուհ։

Ըստ կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների՝ ուսման վարձի առավելագույն չափը սահմանելու ՀՀ կառավարության 19 փետրվարի 2015 թվականի N 163-Ն որոշման 10-րդ կետի համաձայն ինստիտուցիոնալ հավատարմագրում չունեցող ուսումնական հաստատության համար, ըստ կրթական աստիճանների, ուսման վարձի առավելագույն չափը սահմանվում է 2015-2016 ուստարվա համար՝ ըստ մասնագիտությունների, բուհի կողմից սահմանված վարձավճարների չափով:

Փաստացի ագրարային համալսարանը 2025 թվականի հունիսի 25-ից հետո ուսանողներից ավելի գումարներ է ստացել որպես ուսման վարձ, այնինչ բուհը չլինելով հավատարմագրված պարտավոր էր սահմանել վարձավճարները 2015-2016 ուստարվա համար՝ ըստ մասնագիտությունների, բուհի կողմից սահմանված վարձավճարների չափով, որը մոտ 30-40 տոկոսով պակաս է ներկայումս սահմանված չափերից։

Այսինքն այն ուսանողները, ովքեր 2025 թվականի հունիսից հետո առ այսօր ագրարային համալսարանում կատարել են ուսման վարձի վճարներ՝ ավել վճարված գումարները ետ պահանջելու իրավունք ունեն հիմք ընդունելով ՀՀ կառավարության 19 փետրվարի 2015 թվականի N 163-Ն որոշման պահանջները»։