Միասին կարող ենք
կարևոր
1165 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-20 22:43
Հասարակություն

Բեռնար Անդրեասյանը փրկել է նաև իմ կյանքը. բանտարկությունից ազատվելուց հետո մեկնել էի Փարիզ. Լևոն Տեր-Պետրոսյան

Բեռնար Անդրեասյանը փրկել է նաև իմ կյանքը. բանտարկությունից ազատվելուց հետո մեկնել էի Փարիզ. Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ֆրանսահայ բժիշկ Բեռնար Անդրեասյանի մահվան կապակցությամբ ցավակցությունն է հայտնել.

«Մահացել է ֆրանսահայ աշխարհահռչակ բժիշկ Բեռնար Անդրեասյանը, ինչի կապակցությամբ Վազգեն Մանուկյանը հանդես է եկել ցավակցական խոսքով, ընդգծելով, մանավանդ, վերջինիս կատարած հսկայական աշխատանքը Հայաստանում եւ Ղարաբաղում, ինչպես նաեւ հարյուրավոր բարդագույն վիրահատություններ կատարելու փաստը։

Իմ կողմից պարտքս եմ համարում ավելացնել, որ պարոն Անդրեասյանը փրկել է նաեւ իմ կյանքը, երբ 1989 թվականին, բանտարկությունից ազատվելուց հետո, Ֆրանսիայի առողջապահության նախարարության եւ անձամբ Նախագահ Միտերանի հովանավորությամբ մեկնել էի Փարիզ բուժման նպատակով։

Խորին երախտագիտությամբ ցավակցում եմ լուսահոգի Բեռնար Անդրեասյանի ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ նրա գործընկերներին ու մտերիմներին»:

Ավելի վաղ ցավակցագիր էր հղել նաև Վազգեն Մանուկյանը.

«Կյանքից հեռացել է ֆրանսահայ անվանի բժիշկ, վիրաբույժ Բեռնար Անդրեասյանը։ Մարդ, որ ոչ միայն հմուտ մասնագետ էր, այլ նաև նվիրյալ հայ և մարդկային բարձր արժանիքներով օժտված մարդ։

Ցեղասպանությունից պազապուրծ Անդրեասյանների ընտանիքը հաստատվել էր Ֆրանսիայում 1920-ականներին, և նրա հայրը՝ Վազգեն Անդրեասյանը, դարձել էր Ֆրանսիայի ռազմական ավիացիայի հայտնի ինժեներ։ Նա մասնակցել է Griffon ինքնաթիռի նախագծմանը, որը 1959 թվականին գերազանցել է արագության համաշխարհային ռեկորդը։

Բեռնար Անդրեասյանը, լինելով ֆրանսիական բարձր էլիտայի ներկայացուցիչ, միաժամանակ պահպանել է իր հայկական արմատները, կազմել հայկական ընտանիք և ամուր կապեր հաստատել Հայաստանի ու Արցախի հետ։
Անկախությունց հետո Հայաստանի բազմաթիվ բժիշկներ մեկնում էին Ֆրանսիա՝ վերապատրաստվելու Բեռնար Անդրեասյանի մոտ և անցնում նրա բազմափորձ դպրոցը։ Նա նաև աջակցում էր հայ բժիշկներին Ֆրասիայի լավագույն կլինիկաներում վերապատրաստվելու հարցում։

Բեռնար Անդրեասյանը հաճախ էր այցելում Հայաստան ու Արցախ։ Գալիս էր և հատկապես Արցախում բազմաթիվ անվճար վիրահատություններ իրականացնում՝ փոխելով հարյուրավոր մարդկանց ճակատագրեր։

1990-ականների սկզբին, երբ Հայաստանում որոշ վիրահատություններ դեռ զարգացած չէին, Բեռնար Անդրեասյանը որպես վիրաբույժ իմ կյանքում նույնպես վճռորոշ դեր է ունեցել։

Բայց ամեն ինչից զատ՝ նրա բարությունն ու մարդկային գթասրտությունն ամենաարժեքավոր հատկություններն են, որոնցով նա միշտ մնալու է իմ և շատերի հիշողություններում։

Խորապես ցավակցում եմ Բեռնար Անդրեասյանի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին այս ծանր կորստի կապակցությամբ»: