|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.81 |
| EUR | ⚊ | € 440.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.8999 |
| GBP | ⚊ | £ 505.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.96 |
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հետ կեսգիշերին մեկնարկած 10-օրյա հրադադարը ժամանակավոր է, և որ Իսրայելի պաշտպանության բանակը մտադիր չէ դուրս գալ Լիբանանի տարածքից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։
«Իսրայելի պաշտպանության բանակը պահպանում է և կշարունակի պահպանել բոլոր այն տարածքները, որոնք մաքրել և գրավել է։ Լիբանանում ցամաքային գործողությունները և Լիբանանի ողջ տարածքում «Հեզբոլլահ»-ի դեմ հարվածները բազմաթիվ նվաճումների են հանգեցրել, բայց դրանք դեռևս չեն ավարտվել», - նշել է Կացը։
Նա նշել է, որ Իսրայելը «Հեզբոլլահ»-ի դեմ պատերազմի կիզակետում է, և որ ռազմական գործողությունները ժամանակավոր են սառեցվել
««Հեզբոլլահ»-ի զենքի ռազմական կամ դիվանագիտական միջոցներով ոչնչացումը եղել և մնում է արշավի նպատակը, որին մենք հավատարիմ ենք», - շեշտել է նա՝ հավելելով, որ ներկայում ԱՄՆ նախագահի անմիջական ներգրավվածության միջոցով ստեղծվել է նաև նշանակալի դիվանագիտական լծակ՝ միաժամանակ ճնշում գործադրելով Լիբանանի կառավարության վրա։
Կացը հայտնել է, որ Լիբանանում սպանվել է «Հեզբոլլահ»-ի ավելի քան 1700 մարտիկ՝ հավելելով, որ այդ թիվը կրկնակի գերազանցում է 2006 թվականի լիբանանյան պատերազմի ցուցանիշը։
Կացի խոսքով՝ Լիբանանի հարավում գտնվող նոր անվտանգության գոտում, որը ձգվում է մինչև Լիտանի գետը, դեռևս կան «Հեզբոլլահ»-ի մարտիկներ և զենքեր։
«Եթե ռազմական գործողությունները վերսկսվեն, անվտանգության գոտի վերադարձող բոլոր բնակիչները ստիպված կլինեն տարհանվել, որպեսզի առաքելությունն ավարտվի»,- նշել է նա՝ ընդգծելով, որ Իսրայելը կհարվածի նաև Լիտանի գետից հյուսիս գտնվող «Հեզբոլլահ»-ի թիրախներին։