Միասին կարող ենք
կարևոր
931 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-16 18:17
Քաղաքական

Հայաստանը ԵՄ-Թուրքիա հարաբերությունների օրակարգում չկա․ Արմեն Աշոտյան

Հայաստանը ԵՄ-Թուրքիա հարաբերությունների օրակարգում չկա․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է։

«Հայաստանը ԵՄ-Թուրքիա հարաբերությունների օրակարգում չկա։ 

Երեկ Եվրոպական խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովը հաստատեց Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հետ կապված հերթական զեկույցը, որը վերջնական տեսքով կընդունվի Եվրոպական խորհրդարանի մոտակա նիստերից 1մեկում։

Ի՞նչ է պետք իմանալ այդ զեկույցից՝ ելնելով Հայաստանի հետաքրքրություններից։

Առաջինը։ Ի տարբերություն նախորդ՝ «Սերժի տարիների», այս անգամ ևս Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության պահանջ կամ մտահոգություն, հայ թուրքական սահմանի բացման անհրաժեշտիւթյան հետ կապված որևէ ակնարկ կամ երկկողմանի հարաբերությունների բարելավման ուղղված եվրոպական մտահոգություն և պահանջ այդ զեկույցում չկա։

Երկրորդը։ Ի տարբերություն նախորդ՝ «Սերժի տարիների», չկա նաև Թուրքիային ուղղված որևէ պահանջ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Հիշեցնեմ, որ «Սերժի ժամանակ» Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը բարձրաձայնվում էր անգամ որպես նախապայման ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար։

Երրորդը։ Եվրոպական Միության անհանգստությունը, այնուհանդերձ, պահպանվում է Կիպրոսի խնդրի առնչությամբ թուրքական քաղաքականության մասով, ինչպես նաև թուրք-հունական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասով։

Չորրորդը։ Թուրքիայի համապատասխանեցումը Եվրոպական Միության ընդհանուր արտաքին և պաշտպանական քաղաքականությանը հասել է պատմական նվազագույնի՝ ընդամենը 4 տոկոսի։

Հիշեցնեմ, որ Հայաստանի գործող կառավարիչների պարագայում այդ համապատասխանությունը 30 % ավել է։ Սա նշանակում է, որ Թուրքիան շարունակել է և շարունակելու է իրականացնել բացառապես սեփական շահերից բխող արտաքին և պաշտպանական քաղաքականություն, որի պարագայում հայ թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարը բացառապես կախված է լինելու հենց թուրքական շահից։ Էլ չեմ ասում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված գրեթե զրոյացած ջանքերը Հայաստանի գործող ռեժիմի կողմից։

Հինգերորդը։ Հատկանշական է նաև, որ զեկույցի մի մեծ հատված վերաբերում է Թուրքիայում ժողովրդավարության հետընթացին, քաղաքական մրցակիցների հետապնդման, քաղաքական բանտարկյալների և այլ բազմաթիվ հակաժողովրդավարական զարգացումներին։

Այսինքն՝ Եվրոպական միությունը, երբ իրեն պետք է, լավ էլ տեսնում է խնդիրներ այլ պետություններում, որոնք կապված են եվրոպական չափանիշներին չհամապատասխանող ժողովրդավարական հետընթացների հետ։

Հայաստանի պարագայում այդ ամենի մասին նրանճ շարունակում են ցինիկաբար լռել, թեպետ Հայաստանի ներկայիս կառավարիչը իր ձեռագրով և ռեպրեսիաների ուժգնությամբ այլևս շատ քիչ է տարբերվում Էրդողանից, ում եվրոպացիք պարբերաբար դասում են ավտոկրատների շարքին»։