|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նիդերլանդների խորհրդարանում մարտի 21-ին Եվրոպական առաջիկա գագաթաժողովին նվիրված քննարկումների ժամանակ Քրիստոնեական միություն կուսակցության պատգամավոր Ստինեկե վան դեր Գրաֆի հարցերին պատասխանելիս վարչապետ Մարկ Ռյուտեն հանդես է եկել Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ մի շարք հայտարարություններով։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունից, վարչապետ Մարկ Ռյուտեն մասնավորապես նշել է, որ Ադրբեջանը շատ սահմանափակ է մեկնաբանում Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, իսկ Նիդերլանդների կառավարությունը դատավճիռն այդպես չի ընկալում։ Դրա մասին հստակ տեղեկացվել է Ադրբեջանի դեսպանը։
Մարկ Ռյուտեն վստահեցրել է, որ նիդերլանդական կողմը շարունակում է երկկողմ և Եվրամիության համատեքստում ակտիվ քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի շուտափույթ բացման ուղղությամբ։
Պատգամավոր Ստինեկե վան դեր Գրաֆի այն հարցին թե ինչ քաղաքական հետևանքներ ունի այն հանգամանքը, որ Ադրբեջանը գազ է ներկրում Ռուսաստանից, որպեսզի կարողանա Եվրոպային գազ մատակարարել՝ ըստ պայմանավորվածության, վարչապետ Ռյուտեն պատասխանել է, որ Ադրբեջանը սահմանափակ քանակությամբ է գազ ներկրում Ռուսաստանից, այդուհանդերձ Եվրոպական հանձնաժողովը արդեն իսկ հայտարարել է, որ ռուսական գազի ներկրման հարցը քննարկելու է ադրբեջանական իշխանությունների հետ։