|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարտի 31-ին կհրապարակի «14+4» գործողությունների ճանապարհային քարտեզը, որով էլ իրենք առաջիկա օրերին առաջնորդվելու են. լրագրողներին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ ուղղված իրենց քայլերին:
«Մենք կիրառելու ենք քաղաքացիական անհնազանդության բոլոր պասիվ միջոցները»,- ասաց նա։
Հարցին` այդ միջոցներով հնարավո՞ր է կյանքի կոչել իրենց առջև դրված նպատակը, Փաշինյանն արձագանքեց. «Այո', դա մեր համոզմունքն է, որ այլ միջոցով հնարավոր չէ»։
Ըստ նրա` որոշակի բանակցություններ եղել են նաև այլ քաղաքական ուժերի հետ: «Կարևոր պայմանն այն է, որ կարողանանք համաձայնության գալ պայքարը ոչ բռնի գործողություններով առաջ տանելու հարցում: Մենք ունենք շփումներ որոշակի շրջանակների հետ, բայց այդ շփումների ընթացքում ընդգծում ենք մեզ համար սկզբունքային հարցեր, որոնք վերաբերում են ոչ բռնի պայքարի մեթոդներին»,- ասաց Փաշինյանը, ապա հավելեց, որ իրենց քաղաքական գործունեությունը չեն համարում «նրբիկ և վախվորած»:
«Մենք պատրաստ ենք համագործակցել ցանկացածի հետ, եթե երաշխավորեն, որ կհետևեն մեր սկզբունքներին: Սակայն մեր հիմնական բանակցությունները ՀՀ քաղաքացիների հետ է»,- եզրափակեց նա: