|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր ՀՀ վարչական դատարանում նշանակված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքի քննությունն ընդդեմ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայքէջից տեղեկացնում ենք, որ հասարակական կազմակերպությունը պահանջում է պարտավորեցնել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությանը` տեղեկատվություն տրամադրել: ՀԿ-ն պահանջում է նաև վարչական տույժի ենթարկել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Ա. Հակոբյանին:
2012 թ. սեպտեմբերի 27-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը տեղեկատվություն ստանալու հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն՝ ծառայողական քննության նյութեր ստանալու համար: 2012 թ. հոկտեմբերի 5-ին հիշյալ վարչության պետի կողմից ստացվել է պատասխան գրություն, ըստ որի` մերժվել է տեղեկատվության տրամադրումը այն պատճառաբանությամբ, որ ծառայողական քննության նյութերն իրենցից ներկայացնում են ծառայողական գաղտնիք պարունակող ներքին օգտագործման փաստաթղթեր:
ՀԿ-ն համարում է, որ, հիշյալ տեղեկատվությունը չտրամադրելով, ոստիկանության ստորաբաժանումը խախտել է ՀԿ-ի՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը, որը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կողմից վավերացրած Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով:
ՀԿ-ն հիշեցնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը նախատեսում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսունապատիկի չափով՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից տեղեկությունը ապօրինաբար չտրամադրելու համար: