|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Sputnik Արմենիա-ն գրում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքում աղմկահարույց փոփոխությունները, ըստ որոնց` կուսակցությունների, դաշինքների անվանումները չպետք է անձնավորվեն, 2024 թվականին եղած անհեթեթ մի թյուրիմացության պատճառով տեղի ունեցան։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է՝ ինչ վրիպակի մասին է խոսքը։
«2024 թ. ԿԸՀ-ն առաջարկել է Ազգային ժողովին փոփոխել «ՀՀ ընտրական օրենսգրքի» 81 հոդվածի 2–րդ մասի 2–րդ նախադասությունը, ըստ որի` դաշինքի անվանումից բացի պետք է գրվի նաև ներառված կուսակցությունների անվանումները։
Մենք առաջարկեցինք, որ այդ նախադասությունը հանվի, հակառակ դեպքում կարող էինք ունենալ տարբեր տեսակի քվեաթերթիկներ։ Այսինքն` կուսակցությունների քվեաթերթիկի վրա լինելու էին կուսակցությունների անվանումները և առաջին երեք համարները, իսկ դաշինքի դեպքում լինելու էր դաշինքի անվանումը և անդամ կուսակցությունների անվանումները։ Այդ ամբողջը տեղավորելու համար դաշինքի քվեաթերթիկի տառատեսակը փոքրացնելու խնդիր էր առաջանալու։ Արդյունքում, կուսակցությունների և դաշինքի քվեաթերթիկները տեսակով տարբերվելու էին։
Թյուրիմացությունը տեղի է ունեցել, երբ 2024 թվականին ԱԺ–ում 1–ից 2–րդ ընթերցման ժամանակ ուժը կորցրած է ճանաչվել ոչ թե 81 հոդվածի 2–րդ մասի 2–րդ նախադասությունը, այլ 81 հոդվածի 2–րդ մասի 2–րդ պարբերությունը»,-ասել է նա վստահեցնելով, որ ոչ մի դավադրություն չկա, որ ընտրություններից երկու ամիս առաջ են նկատել այդ վրիպակը. ընդամենը, երբ փորձել են պրակտիկ կիրառմամբ «ՀՀ ընտրական օրենսգիրքը», նկատել են այդ խնդիրը ու ներկայացրել ԱԺ–ին` ուղղելու համար։
Ազգային ժողովն արտահերթ նիստի ժամանակ 2–րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։