|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի հնարավորինս սեղմ ժամկետում ստորագրումը լրջագույն քայլ կլինի հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի՝ ստորագրման ժամկետին վերաբերող հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Անի Բադալյանը:
«Երբ այս տարվա մարտի 13-ին հայտարարվեց Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի տեքստի համաձայնեցման մասին, հայկական կողմը միաժամանակ հայտնեց համաձայնագրի արագ ստորագրման իր պատրաստակամությունը: Այս մոտեցումը վերահաստատվեց օգոստոսի 8-ին համաձայնագրի նախաստորագրմամբ, որը, որպես խաղաղության հաստատումն արձանագրող կարևոր իրադարձություն, արժանացավ միջազգային լայն աջակցության: Ստորագրման ամսաթվի հարցում Հայաստանի սկզբունքային մոտեցումը չի փոփոխվել. հնարավորինս սեղմ ժամկետում համաձայնագրի ստորագրումը լրջագույն քայլ կլինի հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ»,- ընդգծեց Անի Բադալյանը։
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Հռոմի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում կայացած համաժողովում հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումը սպասվում է 2026 թվականի առաջին կեսին։