|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երևանում կարգելվի մասնավոր անձանց կողմից հրավառությունների իրականացումը: Երևանի ավագանու նիստում նախագիծը ներկայացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:
Նախագծի համաձայն՝ Երևան քաղաքում առկա է երկու վայր, որտեղ կարող է հրավառություն իրականացվել: Դրանք են՝ Հանրապետության հրապարակն ու Ազատության հրապարակը:
«Միևնույն ժամանակ, հրավառության իրականացումն այդ վայրերում թույլատրվելու է միայն տոն օրերին և տեղական և պետական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ»,-ասաց նա:
Ավինյանը նշեց, որ հաշվի առնելով հանգամանքը, որ կարող են լինել նաև առանձին, բացառիկ միջոցառումներ, նման դեպքերի համար հրավառություն կարող է իրականացվել քաղաքապետի թույլտվությամբ՝ նաև ոչ տոնական օրերին և ոչ վերը նշված հրապարակներում:
«Նախատեսվելու է նաև հրավառ նյութերի ներմուծման արգելք՝ բացառությամբ հատուկ լիցենզավորված կազմակերպությունների»,-հավելեց փոխքաղաքապետը՝ ընդգծելով, որ բացի ավագանու այս որոշումից, կա նաև օրենսդրական փաթեթ, որն այսօր դրվել է շրջանառության մեջ և որն առհասարակ արգելում է հրավառությունների ներմուծումը:
Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկեց նախագծին: Նախագծին կողմ արտահայտվեց ավագանու 47 անդամ: