|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հայտնել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների վերջին եռակողմ հանդիպման արդյունքները։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Պուտինը թուրք գործընկերոջը տեղեկացրել է նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած` երեք երկրների ղեկավարների հանդիպման հիմնական արդյունքների մասին։
Պուտինն ու Էրդողանը երկկողմ օրակարգի շրջանակներում քննարկել են նաև էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտին առնչվող հարցեր։ Կողմերը պայմանավորվել են սկսել ամենաբարձր մակարդակի Համագործակցության խորհրդի հաջորդ նիստի նախապատրաստական աշխատանքները։ Ենթադրվում է, որ այն կարող է անցկացվել 2022 թվականի սկզբին։
Ռուսաստանի Դաշնության նախագահը Թուրքիայի ղեկավարին ասել է, որ Ուկրաինան շարունակում է իր ապակառուցողական գիծը, որն ուղղված է Մինսկյան պայմանավորվածությունների խաթարմանը։ Դա է վկայում ուկրաինացի զինվորականների սադրիչ գործունեությունը հակամարտության գոտում, այդ թվում՝ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի կիրառումը։
«Շեշտվել է, որ Կիևը պետք է հրաժարվի Դոնբասի վրա ուժային ազդեցության փորձերից», - ասվում է մամուլի ծառայությունում:
Պուտինի եւ Էրդողանի բանակցությունները կայացել են թուրքական կողմի նախաձեռնությամբ։