|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 19-ին շրջայց են կատարել «Իզմիրլյան» և «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոններում և ծանոթացել Արցախի պաշտպանության ընթացքում վիրավորված զինվորների բուժման ու կազդուրման գործընթացին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, բուժհաստատությունների ղեկավարները ներկայացրել են մինչ այժմ կատարված աշխատանքները և հետագա գործողությունները: Նրանց ուղեկցությամբ Տիգրան Ավինյանը և Արսեն Թորոսյանը ծանոթացել են բուժման գործընթացին, հիվանդանոցային պայմաններին, ինչպես նաև շրջել են բաժանմունքներում, շփվել վիրավոր զինծառայողների հետ և հետաքրքրվել նրանց առողջական վիճակով: Փոխվարչապետը տեսակցել է նաև իր արարողակարգի պատասխանատուին, որը վիրավորվել է Շուշիում։
Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել վիրավոր զինվորներին՝ կատարած սխրանքների ու անձնուրաց ծառայության համար, և մաղթել նրանց շուտափույթ ապաքինում: Նա ընդգծել է հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորված զինծառայողներին առավել որակյալ և բարձր մակարդակի բժշկական ծառայությունների մատուցման կարևորությունը:
Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել նաև բուժաշխատողներին ու առողջապահության նախարարությանը՝ բացառիկ նվիրվածությամբ ու պրոֆեսիոնալիզմով աշխատելու համար: