|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եգիպտոսի Արաբական Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 14-ին հանդիպել է ալ-Ազհար մզկիթի գերագույն իմամ շեյխ Ահմադ Մուհամմադ ալ-Տայիբի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ի լրատվության ծառայությունից։
Հանդիպմանը կարեւորվել է հայ-եգիպտական դարավոր բարեկամությունը՝ խարսխված երկու ժողովուրդների միջեւ համերաշխության եւ փոխադարձ հարգանքի զգացումներով:
«Հիրավի գնահատելի է Եգիպտոսի կառավարության ջերմ եւ հոգատար վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ, ինչի շնորհիվ հայերը կարողացան պահպանել իրենց լեզուն, մշակույթը, կրոնը եւ ազգային ինքնությունը»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով, որ «կրոնական հանդուրժողականության եւ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության տեսանկյունից Եգիպտոսի փորձառությունը կարող է լավ օրինակ ծառայել»:
Երկուստեք մտահոգիչ է համարվել աշխարհի տարբեր անկյուններում ծայրահեղական դրդապատճառներով հանցագործությունները եւ կրոնական հիմքի վրա խտրականության դրսեւորումները եւ քաղաքական նպատակներով կրոնի շահարկումը:
Այս համատքեստում զրուցակիցները շեշտել են միջկրոնական հանդուրժողականության եւ համերաշխ համակեցության կարեւորությունը:
Նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը միջազգային տարբեր ձեւաչափերով հետեւողականորեն աշխատում է կրոնական խմբերի իրավունքների պաշտպանության, կրոնների բազմազանության ապահովման ուղղությամբ: