|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանում ոմն հասարակական «Ղարաբաղ կոմիտե» կազմակերպություն հանդես է եկել հայտարարությամբ, որում քննադատում է Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունը երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ. հայտնում է «Թուրան» գործակալությունը։
Մասնավորապես, հայտարարության հեղինակները մեղադրում են կառավարությանը անգործության մեջ՝ կապված Հայաստանի և «գրավյալ տարածքների» միջև նոր ժամանակակից հաղորդակցությունների հաստատման, այնտեղ նոր բնակավայրերի կառուցման, Հայաստանի ղեկավարության անխոչընդոտ ուղևորությունների և տարբեր միջոցառումների մասնակցելու հետ՝ ներառյալ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալությունը Շուշիում:
Հասարակական «Ղարաբաղ կոմիտե»-ն, հաշվի առնելով վերը նշվածը, եզրակացնում է, որ «Ադրբեջանի իշխանությունները ի վիճակի չեն կատարել երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու սահմանադրական պարտավորությունները և չեն ցանկանում»:
«Ղարաբաղ կոմիտե»-ն կարծում է, որ իշխանությունների 27-ամյա քաղաքականությունը ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու համար անհաջող է և հակասում է Ադրբեջանի ազգային շահերին և ինքնիշխանությանը:
Հայտարարության հեղինակների կարծիքով՝ կառավարությունը, խաղաղ բանակցությունների պատրվակով, պատրաստում է ժողովրդին պարտվողական խաղաղության:
Նրանք նշում են, որ եթե իշխանությունները չփոխեն քաղաքականությունը և այն չհամապատասխանեցնեն ադրբեջանական պետության սկզբունքներին ու շահերին, կոմիտեն ժողովրդին կտանի զանգվածային բողոքների և անհնազանդության։