|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ապրիլի 30-ին ուկրաինական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Դմիտրո Կուլեբայի հեռախոսազրույցը: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների և դրանց հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում իրականացվող քայլերի շուրջ: Նախարար Մնացականյանն իր զորակցությունը հայտնեց Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ համավարակի և դրա հետևանքների շուտափույթ հաղթահարման գործում:
Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրադրությունում Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիների հայրենիք վերադարձի կազմակերպման ուղղությամբ ձեռնարկված քայլերի համատեքստում երկուստեք գոհունակությամբ ընդգծվեց Հայաստանի և Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից իրականացված սերտ համագործակցությունը և կառուցողական աշխատանքը, ուկրաինահայ համայնքի ներդրումը: Երկու ժողովուրդների պատմական բարեկամության ամրապնդման գործում բարձր գնահատվեց Ուկրաինայում հայ համայնքի դերակատարությունը:
ԱԳ նախարարներ Մնացականյանը և Կուլեբան մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգային հարցերի շուրջ՝ ուրվագծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության շրջանակը:
Զրույցի ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների իրականացման համընդհանուր բնույթի ապահովման, ինչպես նաև ցեղասպանության կանխարգելման միջազգային ջանքերին սատարման կարևորությունը: