|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կառավարության այս շաբաթվա նիստի օրակարգում ԿԳՆ-ն ներկայացրել է ՀՀ ԿԳՆ տեսչական մարմին ստեղծելու մասին որոշման նախագիծը:
Ըստ հիմնավորման, ՀՀ կառավարությունը ստանձնել է երկրում տեսչական բարեփոխումների իրականացումը, որի նպատակն է առավել արդյունավետ տեսչական համակարգի հիմնումը և դրանով իսկ գործարար միջավայրի համար բարենպաստ պայմանների ստեղծումը: Անհրաժեշտություն է առաջացել լուծարել ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչությունը:Նախատեսվում է օրենքին համապատասխան ստեղծել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին), որն իրականացնելու է հիմնականում կրթության պետական տեսչության կողմից ներկայումս իրականացվող գործառույթները:
Նոր ստեղծվող մարմինը հնարավորություն կստեղծի իրականացնել անհրաժեշտ պետական վերահսկողություն կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման, պետական կրթական չափորոշիչների կիրառման, կրթության իրավունքի, կրթական համակարգի սոցիալական երաշխիքների, կրթության որակի բարձրացման և կրթական ծրագրերի յուրացման ապահովման նկատմամբ:
Տեսչական մարմնի կանոնադրությամբ «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքին համապատասխան՝ առաջարկվում է տեսչական մարմնի կառավարումը վերապահել տեսչական մարմնի կառավարման խորհրդին, իսկ Տեսչական մարմնի ղեկավարումը՝ տեսչական մարմնի ղեկավարին: Կանոնադրությամբ սահմանվել են Խորհրդի լիազորությունները, Տեսչական մարմնի ղեկավարին ներկայացվող պահանջները, նրա լիազորությունները, ղեկավարի տեղակալին ներկայացվող պահանջները և նրա լիազորությունները, Տեսչական մարմնի աշխատանքների կազմակերպման կարգը և ֆինանսավորման աղբյուրը: