|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երևանի ավագանու «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր Կենտրոն վարչական շրջանում ֆեյսբուքյան ուղիղ եթերով նշեց, որ իրենք ուզում են Երևանում հաստատված կոռումպացված իշխանությունը փոխարինել հաշվետու և արդյունավետ իշխանությամբ: Ըստ նրա` այս ընտրություններին իրենց առաջադրած ամենագլխավոր խնդիրը Երևան քաղաքը երևանցիներին, ժողովրդին վերադարձնելն է:
Փաշինյանը նշեց, որ Երևանի քաղաքապետը Երևան քաղաքը ղեկավարում է մեծ մասամբ վարչական շրջանների ղեկավարների օգնությամբ, և որ Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին նշանակում է Երևանի քաղաքապետը:
Դիմելով Կենտրոն վարչական շրջանի ընտրողներին` նա ասաց, որ ցանկանում են գործընթացին մասնակից դարձնել նաև նրանց: «Ես ուզում եմ ձեզ կոչ անել, որպեսզի դուք Կենտրոն վարչական շրջանի ձեր թեկնածուներին առաջարկեք այս տեսանյութի տակ, և մենք անպայմանորեն կքննարկենք նրա թեկնածությունը: Ուզում եմ ասել, որ նման գործողության նպատակը ցուցադրելն է մեր վճռականությունը: Մենք իսկապես ցանկանում ենք Երևան քաղաքում հաստատված կլանային իշխանությունը փոխարինել ժողովրդական իշխանությամբ»,- հայտարարեց Փաշինյանը, ապա խոստացավ, որ այս գործընթացի ընթացքում առաջադրված թեկնածուները, ովքեր կհամապատասխանեն որոշակի պրոֆեսիոնալ չափանիշների, որևէ աշխատանք կստանան Երևանի քաղաքապետարանի համակարգում և մասնակից կլինեն քաղաքին նոր շունչ ու թարմություն հաղորդելու գործին: