|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի հետ։
Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակություն է հայտնվել երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ։ Զրուցակիցները կարևորել են 2015թ. հունվարից ուժի մեջ մտած մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնությունը։ Անդրադարձ է կատարվել հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին։
Այս առումով կարևորվել է ս.թ. մայիսին ստորագրված Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը։ Մտքեր են փոխանակվել Առևտրի եւ ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի առաջիկայում նախատեսված անդրանիկ հանդիպման վերաբերյալ։
Վիկտորյա Նյուլանդի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացը։
Բանակցությունների օրակարգում է եղել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը երախտագիտություն է հայտնել խաղաղապահ գործողություններին Հայաստանի ակտիվ մասնակցության համար։
Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Նախարար Նալբանդյանը ներկայացրել է վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը։ Պետքարտուղարի տեղակալը խորը մտահոգություն է հայտնել լարվածության աճի կապակցությամբ և ընդգծել հրադադարի պահպանման անհրաժեշտությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են ահաբեկչության դեմ պայքարին, Միջին Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խնդիրներին։