|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մայիսի 8-10-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքից «Արմավիր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք էր հոսպիտալացվել 12 երեխա։ Բոլորը` Ալաշկերտ համայնքի մանկական նախադպրոցական կազմակերպության սաներ։ Երեխաների մոտ եղել են նույն ախտանշանները` լուծ, փսխում, ջերմություն և ընդհանուր թուլություն։ Նրանց վիճակը գնահատվել է թեթև և միջին ծանրության։ Բոլոր երեխաներն առողջացած դուրս են գրվել, Ալաշկերտի մանկապարտեզի սաների շրջանում նոր հիվանդներ չեն հայտնաբերվել:
Վարակի աղբյուրի պարզման նպատակով ձեռնարկված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների շրջանակում նմուշառումներ էին իրականացվել հիվանդներից, մանկապարտեզի անձնակազմից, կոնտակտավորներից, խոհանոցի և խմբասենյակների մի շարք պարագաներից, խմելու ջրից։ Հիվանդներից հայտնաբերվել են շիգելլա զոնե, որը հիմնականում բնորոշ է սննդային գործոնին։ Իսկ խոհանոցի և խմբասենյակների մի շարք պարագաներից հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի ախտածին մանրէներ, որը վկայում է երկրորդային ախտոտվածության մասին։
Որոշում է կայացվել մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես դադարեցնել։ Համաճարակաբանական օրինաչափությունների և լաբորատոր հետազոտությունների արդյունքում կարելի է եզրակացնել, որ արձանագրվել է սննդային ծագման աղիքային վարակի տեղային (լոկալ) բռնկում: