|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան պաշտոնական այցով կմեկնի Իտալիայի Հանրապետություն և հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Այցի շրջանակներում ապրիլի 10-ին Նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի Վիտտորիանո թանգարանային համալիր, որտեղ կդիտի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայաստան. Տապանի ժողովուրդ» ցուցահանդեսը:
Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Հանրապետության Նախագահը ապրիլի 11-ին ներկա կգտնվի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և կարդինալ Սեպեի կողմից մատուցվելիք եկեղեցական արարողությանն ու Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի՝ Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակ խաչքարի բացման և օծման արարողությանը:
Իտալիայում նախատեսված է նաև Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը միջազգային կազմակերպություններից մեկի՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի հետ: Հանրապետության Նախագահն ապրիլի 12-ին կայցելի Վատիկան, որտեղ կմասնակցի Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում մատուցվելիք պատարագին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: