|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ձեռք է բերել Հայոց ցեղասպանությանն ու դրա հետևանքներին վերաբերող լուսանկարների բացառիկ և հարուստ հավաքածու: Շուրջ 450 բնօրինակ լուսանկարներ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին նվիրատվության կարգով հանձնեցին հունահայ Խանիկյան ընտանիքի ժառանգները` կարևորելով Հայոց ցեղասպանության հիշողության պահպանումը և փոխանցումը սերունդներին:
Լուսանկարների հավաքածուն ներառում է Օսմանյան կայսրության, Հունաստանի, Եգիպտոսի, Սիրիայի որբանոցներին, որբերի կյանքին, Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի որբախնամ գործունեությանը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության պատմության առանձին դրվագներին առնչվող լուսանկարներ: Լուսանկարների զգալի մասի դարձերեսին առկա են չափազանց կարևոր տեղեկություններ հաղորդող գրություններ:
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին այս հավաքածուի ձեռքբերումը ոչ միայն խորհրդանշական, այլ նաև բացառիկ իրադարձություն է մեր թանգարանի համար, և այս լուսանկարներն իրենց ուրույն տեղը կգտնեն 2015 թվականի ապրիլին բացվող թանգարանային նոր ցուցադրությունում: Լուսանկարների մեջ իր կարևորությամբ առանձնանում է, իհարկե, երիտթուրք պարագլուխ Իսմայիլ Հաքքի բեյի` շոտլանդացի զինվորականների կողմից ձերբակալության լուսանկարի բնօրինակը»,- նշում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այս եզակի հավաքածուն ձեռք բերելու համար իր երախտագիտությունն է հայտնում Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանին: