|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր տեղի ունենալիք կառավարության նիստում նախատեսվում է Երևանի ֆիզիկայի ինստիտուտը վերակազմավորել հիմնադրամի: Ամենայն հավանականությամբ, ինստիտուտը հիմնադրամի վերածելու նախագիծն ընդունվելու է` չնայած ինստիտուտի կորիզը` ավելի քան 15 դոկտոր և պրոֆեսոր, դեմ է արտահայտվել այդ նախագծին:
Նախագծին դեմ չի արտահայտվել միայն ինստիտուտի տնօրեն Աշոտ Չիլինգարյանը, ով էլ հենց պետք է նշանակվի ստեղծվելիք հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:
Ֆիզիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Արա Սեդրակյանը «ՉԻ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք դեմ են այդ նախագծին, քանի որ ինստիտուտը հիմնադրամի վերածելուց հետո գրեթե մասնավոր սեփականություն է դառնում, իսկ ներկայիս ինստիտուտն էլ տնօրինելու են հիմնադրամի խորհրդի անդամները, այսինքն` գիտնականները ընդունող որոշումների վրա որևէ ազդեցություն չեն ունենալու:
«Եթե այդ հիմնադրամը վաղը որոշի, որ ինստիտուտը պետք է ֆիզիկան թողնի և աղբ արտադրի, ոչ մի գիտնական չի կարողանալու ոչ մի բան անել»,- նշեց Սեդրակյանը` հավելելով, թե ինստիտուտը հիմնադրամի վերածելու որոշումը կայացվել է առանց գիտնականների հետ խորհրդակցելու: