|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Չեխիայի Հանրապետությունում գործող «Հայկական տուն» ՀԿ-ն եռամյա դադարից հետո` 2011 թ. մայիսից, կսկսի վերահրատարակել «Նաիրի» հասարակական-մշակութային երկլեզու (չեխերեն եւ հայերեն) ամսագիրը` երկու ամիս պարբերականությամբ:
Ինչպես «Երկիր»-ին Պրահայից հայտնեց ամսագրի խմբագիր Էդուարդ Սարկիսյանը, թեեւ ամսագրի առաջին համարը լույս է տեսնելու մայիսին, ապրիլի 1-ից «Նաիրին» իր ընթերցողներին կներկայանա համացանցում` www.nairi.webnode.cz կայքով:
Ամսագիրն իր առջեւ նպատակ է դրել Չեխիայի բնակչությանը ներկայացնել հայ ժողովրդի մշակույթը, ավանդույթները, պատմությունը, մասնավորապես պատրաստվում է բավարար տեղեկատվություն ապահովել Օսմանյան կայսրությունում 1915-1918 թվականներին կազմակերպված Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Ավելին, ըստ Էդուարդ Սարկիսյանի, «Նաիրին» աշխատանքներ կիրականացնի, որ Չեխիայի խորհրդարանը նույնպես քայլեր կատարի Հայոց Մեծ եղեռնը պաշտոնապես ճանաչելու ուղղությամբ:
Իր ընթերցողներին ամսագիրը պարբերաբար որակյալ տեղեկատվություն կներկայացնի նաեւ Լեռնային Ղարաբաղի մասին, ինչպես նաեւ կաջակցի Չեխիայում ապաստանած մեր հայրենակիցների ինտեգրմանը: