|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն իր ինստագրամյան էջում անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին: Նա գրում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսի տարածման անհանգստացնող ցուցանիշը զգոնություն է պահանջում բոլորիցս: Էժան դիվիդենտներ ստանալու փորձերը կամ իրավիճակն անհարկի անլրջացնելն ու պատասխանատվություն ստանձնելու անկարողությունը հավասարապես վտանգավոր են:
Արդեն իսկ պարզ է, որ համավարակը բերելու է սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական խնդիրներ: Այս բարդ իրավիճակում, երբ վտանգված է ազգաբնակչության առողջապահական, տնտեսական, ֆինանսական, կենցաղային անվտանգությունը, անհրաժեշտ է համախմբվել, չմատնվել խուճապի և բոլոր գործողությունները համադրել պատկան կառույցների որոշումների և հորդորների հետ:
Միևնույն ժամանակ, այս օրերի իրադարձությունները ցայտուն կերպով բացահայտեցին այն իրողությունը, որ կառավարման ոլորտում չհամակարգված գործողությունները, ռիսկի պատշաճ գնահատման ունակության բացակայությունը և հախուռն որոշումները հանգեցնում են ազգային անվտանգությանը սպառնացող խնդիրների:
Ցավոք, արդեն իսկ զգացվում են ճգնաժամային կառավարման հարցում իշխանության բարձրագույն օղակներում համապատասխան ունակությունների և փորձի բացակայության բացասական հետևանքները: Այս պայմաններում, երբ բնակչության և պետության անվտանգության խնդիրներն առաջնային են, կոչ եմ անում համախմբվել պետության շուրջ, իսկ իշխանություններին հորդորում եմ ի վերջո լրջանալ և աշխատանքային պարտականություններին վերաբերվել պատշաճ պատասխանատվությամբ:
Առողջություն բոլորիս ընտանիքներին»: