|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ապրիլի 14-ին կալանավորվել են ապրիլի 11-ին Էջմիածին քաղաքի՝ ժողովրդին հայտնի Կոմիտասի անվան հրապարակում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ միջադեպի 3 մասնակիցները։ Նրանք դատարանից տեղափոխվել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, հաղորդում է Shamshyan.com–ը։
Այդ օրը Վաղարշապատի համայնքային ոստիկանները Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակում օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ վիճաբանություն է տեղի ունենում, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Դեպքի վայրում իրավապահները նկատել են, որ մի անձնավորություն ինքնաձիգից կրակոցներ է արձակում «20 MG 001» համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Համայնքային ոստիկանը կարողացել են կրակոցներ արձակողին վնասազերծել։ Իսկ մինչ ոստիկանը կհասներ կրակոցներ արձակողին, Էջմիածին քաղաքի բնակիչ 47-ամյա Կարեն Վարդանյանը նրա ձեռքից վերցրել է ինքնաձիգը և մեկ այլ ավտոմեքենայով դիմել փախուստի։
Կրակոցներ արձակողը Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ 45-ամյա Յուրա Գալստյանն է՝ Կ․ Վարդանյանի մտերիմ ընկերը, իսկ 2 հոգի դիմել են փախուստի։
Ոստիկանները պարզել են, որ մեքենան, որի ուղղությամբ կրակոցներ են արձակել, վարել է Էջմիածին քաղաքի բնակիչ 25-ամյա Ալլեն Կիրակոսյանը, իսկ նրա ավտոմեքենայում եղել է Էջմիածին քաղաքի բնակիչ 34-ամյա Մխիթար Գազազյանը և վիճաբանություն է տեղի ունեցել նրանց և ևս 3 հոգու միջև։
Պարզվել է, որ դեպքի վայրից փախուստի դիմած անձնավորությունը Կ․ Վարդանյանի որդին է՝ Արագածոտնի մարզի բնակիչ 21-ամյա Գոռ Վարդանյանը։
Իրավապահները պարզում են, որ Գ․ Վարդանյանը գտնվում է Լոռու մարզում և ժամեր անց Լոռու մարզի Լեջան գյուղում հայտնաբերել են նրան և տեղափոխել ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Խուզարկությամբ Կ․ Վարդանյանի տանը հայտնաբերվել է է 1 հատ օդաճնշիչ ատրճանակ, 3 հատ 7.62 մմ տ/չ և 1 հատ 5.45 մմ տ/չ ինքնաձիգի կրակված պարկուճներ:
Ժամեր անց օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հնարավոր է հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը կասկածյալներից մեկը թաքցրել է Էջմիածին քաղաքի դպրոցներից մեկի տարածքում։ Իրավապահները թիվ 9 հիմնական դպրոցի հետնամասում գտնվող կիսաքանդ շինությունում հայտնաբերել են ինքնաձիգը՝ 1 փամփշտատուփով, որի մեջ առկա են եղել թվով 36 հատ չկրակված փամփուշտներ։
Նշենք, որ կրակոցների վայրում հայտնաբերվել էր էլեկտրոմոբիլ, որի վրա առկա էին կրակոցի բազմաթիվ հետքեր, իսկ արդեն դրսում հայտնաբերվել էին մոտ 15՝ ինքնաձիգից արձակված կրակված պարկուճներ։